Ոչ մի անգամ որևէ արևմտյան դեսպանատուն ո՛չ մի անգամ ծպտուն չի հանել, երբ փաշինյանական ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, անադեկվատ ու անհիմն բռնությունների դիմել խաղաղ ցուցարարների, պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ: Նրանք լռել ու ծպտուն չեն հանել, երբ այս տարվա հունիսի 12-ին ոստիկանությունը խաղաղ ցուրարարների նկատմամբ զանգվածաբար կիրառեց «Զարյա-3» տեսակի լուսաձայնաբեկորային նռնակներ, որոնք նախատեսված են ոչ թե ցույցեր ցրելու, այլ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Դրա հետևանքով ավելի քան 100 ցուցարար վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի հաշմվեց: Դրանից հետո միայն ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն արեց՝ մեղադրելով... խաղաղ, անզեն ցուցարարներին ու փաստացի արդարացնելով ոստիկաններին, որոնք բզկտում էին ցուցարարներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին ու ծերերին:
Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի են ունեցել բացառապես խաղաղ ցույցեր, առանց զենքի հավաքներ, բողոքի երթեր, պիկետներ, ակցիաներ: Իսկ Վրաստանում, ընդդիմության գլխավորությամբ, «ցուցարարները» բացահայտ բռնի գործողություններ են իրականացնում, հրավառության նյութերով հարձակվում են ոստիկանական ուժերի վրա, հրկիզում են խորհրդարանի շենքը և այլն, և այլն: Այդ ինչպե՞ս է լինում, որ նույն Արևմուտքը, նույն արևմտյան գործիչները, դեսպանները, նույն «արևմտամետները» Վրաստանի դեպքում դա որակում են որպես «ազատության համար պայքար», իսկ Հայաստանի դեպքում՝ խրախուսում են ոստիկանությանը: Վրաստանի դեպքում սաստում են ոստիկանությանը և իշխանություններին, Հայաստանի դեպքում ցուցարարներին են մեղադրում: Կամ՝ մեր «տեղական» գրանտային «արևմտամետների» մի մասը երեկ ոգևորված «ճռվողում» էր սոցցանցերում, թե՝ «վրաց եկեղեցին միացավ ցուցարարներին...»:
Ըստ որում, այն դեպքում, երբ վրաց եկեղեցին ուղղակի իշխանություններին ու ցուցարարներին երկուստեք զսպվածության էր կոչել: Այնինչ նույն այդ մարդիկ միաբերան աղմկում ու ամենակեղտոտ արտահայտություններ էին անում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, երբ Հայաստանում ժողովրդի բողոքի ալիքը գլխավորեց հոգևորական գործիչ: Իսկ հիմա... ողջունում են վրաց եկեղեցու՝ իբր ցուցարարներին միանալը:
Սրանք միայն մի քանի օրինակներն են: Իսկ այդպիսի օրինակները քիչ չեն. դրանք ամենօրյա ռեժիմով գալիս են ապացուցելու, թե որքան երկդիմի են «միջազգային հանրության» «արժեքները»: Իրենց շահերը սպասարկողները միշտ ճիշտ են, թեկուզ և որևէ երկիր հողին հավասարեցնեն...
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ